Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում

Սերժ Սարգսյանը նշել է, որ թուրք և իսրայելցի մասնագետների՝ Ադրբեջանում գտնվելու մասին Հայաստանն անհերքելի փաստեր ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ապրիլյան պատերազմից հետո միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Այսօր ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի՝ պարտերազմի սանձազերծման հարցում Թուրքիայի հնարավոր դերակատարության վերաբերյալ հարցին:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը զինամթերքի պակաս չի զգացել. Սերժ Սարգսյան

«Սա նշանակում է, որ Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ էր Ադրբեջանին: Այնուամենայնիվ, չեմ բացառում, որ իրենց գործողությունները մինչ այդ պահը շատ հստակ համաձայնեցված էին»,- նշեց նա:

Նախկին նախագահը հիշեցրեց նաև, որ ապրիլյան ռազմական գործողությունների նախօրեին Թուրքիայի ու նաև Իսրայելի ռազմական մասնագետները գտնվում էին Ադրբեջանում: 

«4 օր և դրան նախորդած օրերին Ադրբեջանում գտնվում էին հրահանգիչներ ու մասնագետներ, ոչ միայն Թուրքիայից, այլև Իսրայելից, դա միանշանակ է»,- շեշտեց Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս մասին ապացուցող անհերքելի փաստեր ունի:

Բայց որքանով է այդ այցը կապված եղել ապրիլյան ռազմական գործողություները սկսելու հետո, երրորդ նախագահը դժվարացավ ասել:

Իսկ Թուրքիայի այսօրվա քաղաքականության մասին Սերժ Սարգսյանը խոստացավ խոսել հաջորդ՝ քաղաքական թեմայով ասուլիսի ընթացքում:

Ինչո՞վ են տարբերվում տավուշյան մարտերը ապրիլյանից. պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: