Պորտուգալիայի նախագահը փրկել է օվկիանոսում խեղդվող աղջիկներին․ տեսանյութ

Պորտուգալիայի 71-ամյա առաջնորդի հետ միաժամանակ աղջիկներին օգնության է հասել մեկ այլ տղամարդ՝ ջրային մոտոցիկլետով։ Միասին նրանց հաջողվել է աղջիկներին ափ դուրս բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան փրկել է օվկիանոսում խեղդվող երկու աղջիկների։

Դեպքը տեղի է ունեցել Ալգարվեի լողափներից մեկում։ Նախագահը հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներից մեկին, երբ նկատեց, որ ափից ոչ հեռու կանոեն շրջվել է և երկու աղջիկ խեղդվում են։ Նա նետվեց նրանց օգնելու։

Պորտուգալիայի 71-ամյա առաջնորդը նրանց մոտ հասել է ջրագնացով (ջրային մոտոցիկլ) մի տղամարդու հետ միաժամանակ։ Նրանք երկուսով աղջիկներին օգնել են ափ հասնել։

Հետո նա պատմել է, որ աղջիկները կանոեով եկել էին մյուս լողափից։ Բայց նրանց նավակը շրջվել էր, և ջրի հոսանքը սկսել էր քշել նրանց։ Աղջիկները շատ ջուր են կուլ տվել և չեն կարողացել ո՛չ բարձրանալ կանոե, ո՛չ էլ լողալ դեպի ափը։ Մարսելու Ռեբելու դե Սոուզան բոլորին խնդրել է օվկիանոսում գտնվելիս  զգուշություն պահպանել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ աղջիկները չեն տուժել, միայն մի քիչ վախեցել են։

Լավ լուր. Սևանում ջրափրկարարները 31–ամյա տղամարդուն փրկել են խեղդվելուց

Պորտուգալիայի նախագահի պաշտոնը, ըստ էության, արարողակարգային է։ Նա գործադիր իշխանություն չունի, բայց ճգնաժամի պայմաններում կարող է ցրել խորհրդարանը։ Պետության ղեկավարին ընտրում են հինգ տարով, այդ պաշտոնը նա կարող է զբաղեցնել երկու ժամկետից ոչ ավելի։