Ամերիկյան ընտրություններ, կամ եթե նախօրոք քվեարկել եք, ընտրակաշառք էլ չեք ստանա

​Եկեք անկեղծ լինենք: Կորոնավիրուսը նաև քաղաքական աստառ ունի։ Մեզ մոտ, օրինակ, մինչև վերջերս ասում էին՝ իշխանությունները դիտմամբ են անընդհատ երկարաձգում արտակարգ իրավիճակը, որպեսզի կանխեն զանգվածային բողոքները։
Sputnik
Ամերիկյան ընտրություններ, կամ եթե նախօրոք քվեարկել եք, ընտրակաշառք էլ չեք ստանա

Ամերիկայում դեմոկրատները ասում են՝ եկեք նոյեմբերյան նախագահական ընտրությունները փոստով անցկացնենք, որպեսզի խուսափենք վարակի տարածումից։

Սա նոր բան չէ. վերջին ընտրությունների ժամանակ փոստով քվեարկել էր ընտրողների մեկ երրորդը։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես դեմ է փոստային տարբերակին` պնդելով, որ այդ դեպքում այս տարվա ընտրությունները ամենաանազնիվն են լինելու Ամերիկայի պատմության ողջ ընթացքում։

Պատմական փաստն այն է, որ ավելի քան երկու հարյուր տարի առաջ, երբ ամերիկացիներն ընտրում էին իրենց առաջին նախագահներին, քվեարկության միասնական օր ընդհանրապես չկար՝ այդ գործընթացը բավական երկար էր տևում: Ինչու: Որովհետև այն ժամանակ երկիրը նոր էր կազմավորվում, հո ամեն փոքր գյուղում չէին կարող քվեատուփ տեղադրել, մարդիկ հեռավոր բնակավայրերից քվեարկելու համար ստիպված էին հասնել, այսպես ասենք, շրջկենտրոն, իսկ դա հեշտ չէր և ժամանակ էր պահանջում: Խոչընդոտներ կային, աշնանային անձրևներից նույնիսկ փոքր գետակներն էին վարարում, պիտի սպասեիր, որ ջուրն իջնի:

Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները

Բայց հետո, երբ ճանապարհների որակը բարելավվեց, հնարավորություններն էլ ընդլայնվեցին, և 1845 թվականին կառավարությունը սահմանեց ընտրությունների միասնական օր, մինչև հիմա էլ այդ կարգը գործում է՝ նախագահական ընտրությունները տեղի են ունենում նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող առաջին երեքշաբթի օրը: Սրա նպատակը նաև այն էր, որ կանխվի կրկնակի քվեարկություն կատարելու հնարավորությունը: Այո, Ամերիկայում էլ ժամանակին կային մարդիկ, որոնք մի նահանգում քվեարկում էին, հետո գնում էին հարևան նահանգ ու այնտեղ ևս մեկ անգամ քվեարկում իրենց սիրելի թեկնածուի օգտին: Նաև դրա համար  սահմանվեց քվեարկության միասնական օրը, որպեսզի կեղծարարը չկարողանա այսօր իր նահանգում քվեարկել, հաջորդ օրը գնալ ու մի անգամ էլ հարևան նահանգում նույնն անել: ​

​Բայց հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը: Զինվորը հո չէր թողնելու իր կռվող ստորաբաժանումը, գնար տուն քվեարկեր ու հետ գար: Եվ կրկին վերականգնվեց վաղաժամկետ քվեարկելու կարգը: Բոլոր զինվորներին քվեարթերթիկները նախօրոք բաժանվում էին, նրանք քվեարկում էին, քվեարթերթիկը դնում ծրարի մեջ ու ուղարկում տուն։ Ընտրությունների օրն էլ տնեցիները ռազմաճակատից ստացած այդ քվեաթերթիկները տանում ու գցում էին քվեատուփի մեջ: Բայց դա ժամանակավոր էր՝ պայմանավորված պատերազմով:

Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի

Նախորդ դարի սկզբին այս կարգը օրինականացվեց. ընտրողը կարող էր նախօրոք քվեարկել, բայց դրա համար անպայման մի պատճառ պիտի վկայակոչեր, որը պիտի հաստատված լիներ իշխանությունների կողմից: Եվ վերջապես 1980 թվականին առաջին անգամ Կալիֆոռնիայում այդ սահմանափակումն էլ հանվեց, այսինքն` այլևս որևէ պատճառ չէր պահանջվում։ Նշանակություն չունի, որ մինչև ընտրությունները դեռ մի քանի շաբաթ կա՝ արդեն կողմնորոշվե՞լ ես՝ խնդրեմ, հենց հիմա էլ քվեարկիր: Այժմ արդեն այս կարգը նահանգների գերակշիռ մասում է գործում:

​Հիմա բնական հարց է ծագում՝ բա լավ, եթե ամերիկացիների մի զգալի մասը նախօրոք քվեարկում է, բա հիմնական թեկնածուներն էլ ում համար են հեռուստաբանավեճեր կազմակերպում, այդքան փող ու ջանքեր ծախսում: Պատասխանը շատ պարզ է՝ նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել: Որովհետև նա, ով արդեն քվեարկել է, հաստատ վաղուց կողմնորոշվել է:

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

Ու նաև զանգվածային վաղաժամկետ քվեարկությունը մի շարք առավելություններ ունի: Նախ, ընտրությունների օրը ընտրատեղամասերում հերթեր չեն առաջանա: Բայց ավելի կարևոր հանգամանք կա: Եթե դուք նախօրոք արդեն քվեարկել եք, դրա մասին ընտրությունների կազմակերպիչները տեղեկացնում են երկու թեկնածուների նախընտրական շտաբներին: Ձեզ այլևս չեն անհանգստացնի, չեն զանգահարի, ձեր դուռը չեն թակի ու քարոզչական բուկլետ կամ թռուցիկ չեն առաջարկի, որովհետեւ դա արդեն անիմաստ է: Ճիշտ է, ընտրակաշառք էլ չեք ստանա. էլ ինչու տան, եթե արդեն քվեարկել եք: