ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Associated Press գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում ենթադրաբար երևում է այն պահը, երբ օգոստոսի 10-ին Մինսկում բողոքի ակցիայի ընթացքում մահացել է Ալեքսանդր Տարայկովսկին։
Միջադեպը տեղի է ունեցել Պրիտիցկոյի հրապարակում «Պուշկինսկայա» մետրոյի կայարանի հարևանությամբ։ Տեսանյութը տարածվել է տերեգրամ-ալիքներով։
Միաժամանակ, բելառուսական ուժայինների պաշտոնական վարկածի համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է դարձել նրա ձեռքի դեռ չտեղադրված պայթուցիկ սարքը։ Բարեկամներն ու ցուցարարները համամիտ չեն ուժայինների վարկածի հետ։ Տեսանյութում տղամարդու ձեռքում ոչ մի իր չի երևում։
Սա Տարայկովսկու ենթադրյալ մահացու վիրավորման առաջին տեսանյութը չէ։ Այդ պահն այլ ռակուրսից էլ է նկարահանվել։
Նշենք՝ տղամարդու հուղարկավորությունը կայացել է օգոստոսի 15-ին։
Այսօր Մինսկում երկու հանրահավաք է անցկացվում։ Մեկն անցկացնում են Լուկաշենկոյի կողմնակիցները, մյուսը՝ նրա հրաժարականը պահանջողները։
Հիշեցնենք` Բելառուսում արդեն 8-րդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է: