Սեփական գյուղերը զարգացնելու ու իրենց ծննդավայրի գրավչությունն ու ռեսուրսները զբոսաշրջիկներին ներկայացնելու համար արդեն երկրորդ տարին է` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում մեղրաքամի փառատոն է անցկացվում: Օգոստոսի 15-ին հերթական անգամ անցկացվող փառատոնը թեև համավարակի պատճառով այդքան էլ մարդաշատ չէր, բայց հյուրերին զարմացնելու շատ բան ուներ:
«Տարին մեր տարածաշրջանում մեղրի համար լավը չէր՝ անձրևային էր, բայց էլի չենք դժգոհում: Մեղր ուտողին ի՞նչ կորոնա, ի՞նչ բան: Մեղրն առողջություն է, իմունիտետ է բարձրացնում»,- հյուրերին ծանոթացնելով մեղրը քամելու հմտություններին` պատմեց փորձառու մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը:
Ցանկացողները միացան, հետո էլ համտեսեցին ու վստահեցրին` սեփական ձեռքով քամած մեղրն իսկապես յուրահատուկ համ ունի:
Մեղվաբույծների 4-րդ սերնդի ներկայացուցիչը դժվարություններից չի վախենում. կինը միշտ կողքին է և հավասար կիսում է գործերն ու դժվարությունները:
120 փեթակ ունեն: Թե ինչքան մեղր կստանան, դեռ չեն կարող ասել: Բացի մեղրից, ամուսիները մեղրամոմից մոմ են պատրաստում, վառում տանը ու, իրենց խոսքով, սպանում մանրէներին. դա էլ իրենց առողջության գաղտնիքն է: «Մեղվի պատրաստած բոլոր բնամթերքներն օգտագործում ենք։ Ունենք մայրակաթ, ծաղկափոշի, ոչ մի բան չի թափվում: Ամենաբարդը մեղվի լեզուն հասկանալն ու վախ չունենալն է, թե չէ դժվարություն չկա»,-ասում է կինը՝ Գենյա Հովհաննիսյանը:
Հայկ Հովհաննիսյանը հիացմունքով է պատմում մեղրի մասին, հետն էլ` հյուրասիրում: Փառատոնի ընթացքում հյուրասիրության պակաս չկար` մոթալ պանրից մինչև արիշտա, Ճամբարակի անտառներում աճող խոտաբույսերից մինչև գյուղմթերք: Մի կողմում համեղ ու առողջարար սնունդն էր, մյուս կողմում` Ճամբարակ խոշորացված համայնքի բնակիչների պատրաստած թաղիքե ու փայտյա իրերը, գյուղական կոլորիտն ամբողջանում էր ժողովրդական պարերով:
«Արիշտան սկեսուր մայրիկիս հետ թարմ-թարմ պատրաստել ենք ու բերել հյուրասիրելու, թող հյուրերը տեսնեն՝ մեր գյուղում ինչ համեղ է արիշտան պատրաստվում»,-Sputnik Արմենիային ասաց տիկին Հասմիկը:
Ամուսինն էլ՝ Ռաֆիկ Պողոսյանը, հպարտությամբ մատնացույց արեց խոտաբույսերը. «Ես էլ տիկնոջս օգնում եմ, իր հավաքած խոտաբույսերը վաճառում»:
Տիկին Հասմիկն անցած տարի շատերի նման դիտորդի կարգավիճակով է ներկա եղել «Մեղրաքամին», իսկ այս տարի որոշել է տաղավարով ներկայանալ: Հույս ունի, որ հաջորդ տարի առանց կորոնավիրուսի կանցկացնեն փառատոնը:
«Տոնը դարձել է ավանդույթ։ Ցանկությունը մեկն է` ներկայացնել մեր տարածաշրջանում արարող մարդկանց աշխատանքներն ու թարմ մթերքները, ճանաչելի դարձնել մեր համայնքը նաև որպես տուրիստական ուղղություն: Նպատակը համայնքային ռեսուրսներով համայնքի զարգացումն ապահովվելն է»,- ասաց միջոցառման համակազմակերպիչ, «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը:
Կազմակերպիչները հուսով են, որ հաջորդ տարի փառատոնն ավելի շատ հյուրերով կանցնի։ Նրանք արդեն նոր ծրագրեր ունեն:
Միջոցառումը կազմակերպվել էր «Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբարի և մեղվաբուծության զարգացման կենտրոնի հետ համատեղ, Հայկական Կարիտասի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում:
Ինչպես գյումրեցի տղամարդը սկսեց յուրօրինակ կտավներ ստեղծել գրչով