Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։