Հայտնի է` ով կփոխարինի Մանե Թանդիլյանին Ազգային ժողովում

Կուսակցությունը ներկայացրել է մանդատից հրաժարված պատգամավորին փոխարինողի կենսագրական տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Պատգամավորի մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանին Ազգային ժողովում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Թանդիլյանն այսօր առավոտյան հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորի մանդատը։

«Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կուսակցությունը ներկայացրել է Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները:

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N29 միջնակարգ դպրոցը: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:

2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում, ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երկու դուստր։