ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցը` արգելելով «ԹԻՄ» ՍՊԸ–ին «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարք կնքել ու գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները: Տեղեկությունը հայտնում են «Յուքոմի» գրասենյակից։
«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել դատարան` ընդդեմ «ԹԻՄ» ՍՊԸ–ի այն հիմքով, որ «ԹԻՄ» ընկերությունը «Վեոն Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման բանակցային գործընթացում օգտագործել է «Յուքոմ» ՓԲԸ –ին պատկանող գաղտնի տեղեկատվությունը, ինչն ընկերության համոզմամբ, հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն։ Հետևաբար, «Յուքոմը» դատարանից պահանջել է նաև պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊԸ–ին դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:
«Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմը» ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը»,– ասված է «Յուքոմ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան «ԹԻՄ» ընկերությունից հրաժարվեցին մեկնաբանել դատարանի որոշման մասին այս հայտարարությունը` ասելով, որ դատական նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն։
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։
Beeline-ը գնած Եսայան եղբայրները գործարքի դիմաց վճարելու գումար չունեն. ինչ են առաջարկում
Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ Veon Armenia-ն գնելու հարցով:
Ավելի ուշ «Յուքոմ» ընկերությունը հայտարարեց, որ Veon Armenia–ի գնման գործարքում Եսայան եղբայրներն օգտագործել են «Յուքոմում» աշխատելու ընթացքում ձեռք բերած տեղեկությունները, ինչի իրավունքը չունեին։
Թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, ընկերությունը չի մեկնաբանում` նշելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են։