Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք աշխատանքի հետ անհամատեղելի են:

«Տիկին Թանդիլյան, նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ եք». վարչապետը հարցախույզ սկսեց

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա։

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստանին», միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նաև այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ ստանձնել է քաղաքական գործչի պարտականությունները:

Բժիշկները կհանգստանան, հյուրանոցային բիզնեսն էլ չի տուժի. Թանդիլյանը դիմել է վարչապետին

«Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- հավելել է պատգամավորը։

Թանդիլյանը միաժանակ տեղեկացրել է, որ տասն օրվա ընթացքում Facebook-յան իր էջը կապաակտիվանա:

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում: Թանդիլյանը 

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար, 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

Տատիկ-պապիկներին առաջարկում են QR կոդով իրենց գյուղի «բուդկայից» գնումներ անել

2018 թվականի մայիսի 11-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին՝ դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից: Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել։

Հայաստանին արհմիություններ են պետք. Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկում է ներկայացրել

2018 թվականի նոյեմբերի 14-ին երկրորդ անգամ հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում և ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Նա նաև ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։