Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

Հյուրանոցներն այս պահին աշխատավարձ վճարելու հնարավորություն չունեն։ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` ներկայացնելով խնդրի լուծման առնչությամբ իր առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik.Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հետևանքով հյուրանոցային տնտեսություններն ամենաշատ վնասներն են կրել։

Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա

Հայտարարության մեջ նշվում է՝  չնայած ՀՀ կառավարության ընդունած համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու են դարձել ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները, սակայն իրավիճակը «չի փրկվել»։ Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

«Զրոյական եկամտաբերության պարագայում հյուրանոցային տնտեսությունները պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք, սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ։ Խնդիրն այն է, որ այժմ դրանց ֆինանսական ռեսուրսները սպառված են, և աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն

Մյուս կողմից՝ համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա։ Ըստ հայտարարության` ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածն էլ ավելի մեծ վնասներ կբերի։

30 նոր ուղղություն. ներքին տուրիզմի մասնագետներն իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում

Հետևաբար, ասոցիացիան  պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով։ Պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման ներկայիս շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։