ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հացադուլ անող դատապարտյալի հետ. անակնկալ այց «Կոշ» ՔԿՀ

Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք գրությունների տեսքով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թռչող սարքն «Արթիկ» ՔԿՀ «Կինդեր» ձվիկ է հասցրել, բայց խաղալիքի փոխարեն թմրանյութ են գտել

Օմբուտսմանի խոսքով՝ առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:

«Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Հացադուլի ընթացքի հետ կապված՝ դատապարտյալը բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ չի ներկայացրել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ հացադուլ անող դատապարտյալը նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից արձագանք չի ստացել:

Ազատազրկվածներին չեն տալիս ախտահանիչ միջոցներ, չկա ռազմավարություն. անակնկալ այց ՔԿՀ

Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: