Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենին հրավիրել է Երևան

ՄԱԳԱՏԷ-ն Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալություն է, որը պարբերաբար գնահատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է Երևան մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Մտքերի հայկական գագաթնաժողովը» առաջին անգամ կազմակերպվել է 2019-ին, և այժմ դառնալու է ամենամյա։ Այս տարի այն նվիրված է լինելու էներգետիկային և արհեստական բանականությանը։

Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար ընկերության պատվիրակությունը

Արմեն Սարգսյանը Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում գրել է, որ Գրոսին իր մասնակցությամբ մեծ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։

Նամակի վերջում Սարգսյանը Գրոսիին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են:

ՄԱԳԱՏԷ-ն Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալություն է, որը պարբերաբար գնահատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի սեյսմիկ անվտանգության ծրագիրը։

Չունենք ծով, նավթ, բախտ, ուժ. Փաշինյանն ասել է, թե ինչ առավելություն ունի Հայաստանը