ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երկու ամիս առաջ բացված Novatel ընկերությունը բանակցություններ է վարում «ՎԵՈՆ Արմենիայի» գլխավոր գրասենյակի հետ ընկերությունը գնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Novatel ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը։
«Արդեն իսկ լուրջ քայլեր ենք արել, բանակցությունները վերջին փուլում են։ Դրանք ընթանում են «Վեոնի»` Ամստերդամում գտնվող գլխամասային գրասենյակի հետ։ Ընկերության հետ գաղտնիության պայմանագիր է կնքվել, ուստի մեր կողմից ներկայացված գնառաջարկի մասին չենք կարող հայտնել»,–ասաց Երզնկյանը։
Նա հայտնեց, որ Novatel ընկերությունը ստեղծվել է երկու ամիս առաջ։ Ընկերության ղեկավարները ընկերներ են, որոնք ծնվել և մեծացել են Երևանում, գործարարությամբ են զբաղվում։ Երզնկյանի խոսքով` իրենք աշխատել են միջազգային համբավ ունեցող հեռահաղորդակցման ընկերություններում, այսինքն` մեծ փորձ ունեն։
Ի դեպ, Novatel-ը, ի տարբերություն Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի նորաստեղծ Team ընկերության, «ՎԵՈՆ»-ի գնման համար չի դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Պատճառը, ըստ Երզնկյանի, այն է, որ Եսայանների ընկերությունն ուզում է գնել «ՎԵՈՆ»–ը` իրենց ընկերության հետ միավորելու համար, իսկ Երզնկյանն ուզում է գնել այն` պահպանելով «ՎԵՈՆ»–ի ողջ անձնակազմը։
«Հենց այս պատճառով էլ կարծում ենք, որ ՏՄՊՊՀ–ի հետ որևէ խնդիր չենք ունենալու։ Այն, որ Եսայաններն արդեն իսկ հանձնաժողովի թույլտվությունը ստացել են «ՎԵՈՆ»–ի գնման համար, դա որևէ առավելություն չի տալիս նրանց։ Եթե կարիք լինի, մենք նույնպես կդիմենք ՏՄՊՊՀ, սակայն գլխամասային գրասենյակի հետ բանակցություններից հետո»,–ասաց Երզնկյանը։
Beeline-ի վաճառքը հայաստանյան աշխատաշուկայի համար նպաստավոր չէ. Սանդուխչյան
Այս պահին, ըստ նրա, «ՎԵՈՆ»–ը պետք է ընտրություն կատարի երկու ընկերությունների միջև։ Երզնկյանը հերքեց շրջանառվող լուրերը, որ իրենք Ucom–ի սեփականատերերի հետ առնչություն ունեն։ Նա նշեց, որ Ucom–ի ղեկավարների` Խաչատրյանների հետ կապ չունեն, անգամ անձնապես ծանոթ չէ նրանց հետ։
Երզկյանը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ուզում են գնել ամբողջությամբ, և եթե հնարավորություն լինի մասնակի բաժնետեր լինելու, ապա չեն համաձայնի։ Ինչ վերաբերվում է ֆինանսական միջոցներին, ապա նա վստահեցնում է, որ համաշխարհային համբավ ունեցող ֆինանսական կազմակերպություններն են մասնակից լինելու այդ գործում, որոնց նախնական համաձայնությունն արդեն իսկ ունեն։ Երզնկյանը ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ գոյություն ունի «գաղտնիության պայմանագիր»։
Նրա խոսքով` ընկերությունը ստեղծվել է հատուկ «ՎԵՈՆ Արմենիայի» գնման գործարքին մասնակցելու համար։
Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ Հայկ Եսայանը հայտարարեց Ucom–ը լքելու մասին։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները հիմնադրել են «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» (ապրանքանիշը` Beeline) գնելու հարցով:
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Հուլիսի 10-ին ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը: Ինչ վերաբերում է Ucom–ին, ապա ընկերության տնօրենն այժմ Արա Խաչատրյանն է։ Նա եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Մայիսին Խաչատրյանը ԱԱԾ էր հրավիրվել` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Գագիկ Խաչատրյանն այս պահին կալանավորված է, իսկ տղաները հետախուզման մեջ են։