Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը

ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային մեկնաբանել են թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարացումը և նշել, որ ռազմադիվանագիտական առումով Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայությունը զորավարժությունները մտահոգիչ են դարձնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժության մասին Sputnik Արմենիայի հարցին այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

«Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի  մարտական պատրաստության բաղադրիչից պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մարտական հրաձգության համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունների շրջանակում թուրքական ռազմական պատվիրակությունը ընդլայնված կազմով կհետևի զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին: