ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը կհուղարկավորվի Հայաստանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 13-ին` ժամը 18։00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում։
Հիշեցնենք` 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանը մահացել էր օգոստոսի 9–ին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա մահվան պատճառը սրտի կանգն է եղել։
Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փորձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր:
Այս տարվա սկզբից Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:
Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, նույնպես զբաղվում է ֆուտբոլով։