Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով

36 485 կրթական հաստատություն արդեն անցել են բոլոր ընթացակարգերն ու ամբողջովին պատրաստ են ուսումնական տարվան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Դասերը Ռուսաստանի դպրոցներում ու բուհերում մեկնարկելու են սեպտեմբերի 1-ին սովորական առկա ձևաչափով, բայց պահպանվելու են հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կրթության նախարար Սերգեյ Կրավցևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու կառավարության անդամների հետ քննարկման ժամանակ։ 

Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են

«Արդեն 36 485 կրթական կազմակերպություն անցել են բոլոր ընթացակարգերն ու ամբողջովին պատրաստ են ուսումնական տարվան։ Աշխատանքն իր ռեժիմով ընթանում է», - ասել է նախարարն ու ավելացրել է, որ ուսումնական հաստատությունների տարածքում բժշկական դիմակ դնելը պարտադիր է լինելու։ Ֆիզկուլտուրայի դասերը բացօթյա են լինելու։

Իսկ Հայաստանում երեկ պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել հանրակրթական դպրոցներում, միջին  մասնագիտական հաստատություններում և բուհերում դասերը վերսկսել սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

«Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին», - գրել է ԿԳՄՍ նախարարը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 13-ից ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց դա վերջինը կլինի։