ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի

Գործադիր մարմինը պատրաստվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել նախկին որոշման մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը վաղը` օգոստոսի 12-ին, արտահերթ նիստ կգումարի։ Հրապարակված օրակարգում այս պահին միայն «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծն է։

Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները

Թե ինչ փոփոխություններ է նախատեսում գործադիրը արտակարգ դրության հերթական` 7-րդ ամսվա համար, առայժմ հայտնի չէ։ Որոշման նախագծի ամբողջական տարբերակը կառավարության պաշտոնական կայքում դեռ հրապարակված չէ։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն, օրինակ`օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ապրանքների արտահանման, հանրահավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։

Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։