ՌԱԴԻՈ

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ 
Sputnik
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` Թուրքիայի արտգործնախարարն ըստ երևույթին կրկնում է մեկ ամիս առաջ Ալիևի կողմից հնչեցրած գնահատականները, որոնք, իհարկե, իրականությանը չեն համապատասխանում։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը. Նաղդալյան

Մինասյանի խոսքով՝` Թուրքիան և Ադրբեջանը նման հայտարարություններով հետապնդում են բոլորովին այլ նպատակ, մասնավորապես ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` փորձելով հասնել կա՛մ ձևաչափի փոփոխության, կա՛մ հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել այլ միջազգային հարթակ։ 

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը տարիներ շարունակ հետապնդում են մեկ հստակ նպատակ` մեծացնել Թուրքիայի դերակատարումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում և այդ ուղղությամբ տարբեր ձևաչափերով հայտարարություններ են արել, իսկ Թուրքիան կատարել է նաև կոնկրետ քայլեր, սակայն հայկական կողմը բնականաբար դեմ է Թուրքիայի ցանկացած դերակատարմանն այդ գործում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Մինասյանը վկայակոչում է պաշտոնական Երևանի կողմից բազմիցս հնչած դիրքորոշումը, ըստ որի` Թուրքիան միակ երկիրն է, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին թե՛ 2016թ.–ի քառօրյա պատերազմի, թե՛ 2020թ.–ի հուլիսյան էսկալացիայի ժամանակ, հանդես է եկել ադրբեջանական ագրեսիան խրախուսող կոչերով։

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է, այն մնում է այդպիսին մինչ այսօր. Նիկոլ Փաշինյան

«Թուրքիան նման կերպ բնականաբար գործում է Մինսկի խմբի հիմքում ընկած տրամաբանության դեմ և նման գործելաոճով խաթարում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,– նշեց Մինասյանը։

Քաղաքագետի կարծիքով` սա շատ կարևոր հանգամանք է, որի վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և կարծես թե նրանք մտահոգված են Թուրքիայի պահվածքով, որովհետև վերջին շրջանում հստակ մեսիջներ են հղել Անկարային, որ իր գործելակերպը, ռազմատենչ հայտարարությունները թեժացնում են մթնոլորտն ու լարվածությունը։  Ըստ նրա` միջազգային դերակատարների մոտ կա ընկալում, որ Թուրքիայի քայլերն ու դիրքավորումն ապակառուցողական են։ 

Հիշեցնենք՝ Չավուշօղլուն ադրբեջանցի նորանշանակ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է. «Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման գործում»։ 

Չավուշօղլուի հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան այդկերպ ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր անկարողությունը: