Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը

Լիտվայի արտգործնախարար Լինկյավիչյուսը հայտնել է, որ Սվետլանա Տիխանովսկայայի անվտանգությունն ապահովված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է երկրի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը։

«Սվետլանա Տիխանովսկայային վտանգ չի սպառնում, նա Լիտվայում է»,-գրել է նա։

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում կայացել են նախագահական ընտրություններ։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին քվեարկել Է ընտրողների 80,23 տոկոսը: Լուկաշենկոյի  հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ և ոստիկանության հետ բախումներ. կա մեկ զոհ: