ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Երեկ` օգոստոսի 9–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանը, ամուսինը` Միհրան Գյուլզադյանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Հիշեցնենք, երեկ ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
Toyota-ն վարել էր Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։
Վթարի հետևանքով տեղում մահացել էին Toyota-ում գտնվող ընտանիքի 4 անդամները։
Sputnik Արմենիան խորին ցավակցություն է հայտնում դերասաններ Արմեն Մարությանին և Ալլա Վարդանյանին, ինչպես նաև մահացածների հարազատներին: