ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Միայն ավիահաղորդակցության վերսկսումը՝ խիստ կանոնների պահպանմամբ, կարող է շտկել ավիացիայի տխուր իրավիճակը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արմենիա ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան-Զարնաին։
Հայաստանը պետք է ունենա տեղական ավիափոխադրող. Պապիկյան
Նա նշեց, որ հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները առաջարկով դիմել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։ Հանդիպումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ ՝ ավիափոխադրողների նախաձեռնությամբ:
«Մի շարք երկրներում բացվում են սահմանները և թույլատրվում են թռիչքները՝ խիստ վերահսկողությամբ։ Օրինակ՝ երկիր կարող են մուտք գործել միայն նրանք, որոնք կորոնավիրուսի բացասական արդյունքով թեստ ունեն, որը հանձնել են 72 ժամվա ընթացքում»,- ասաց Դավուդյան-Զարնաին։
Նա ընդգծեց, որ միայն այս քայլը հնարավորություն կտա ավիացիան դուրս բերել այն ողբալի իրավիճակից, որում ընկերությունները հայտնվել են:
Բոլոր առաջարկները արդեն փոխանցվել են պարետատանը։ Այժմ ավիաընկերություններն անհամբեր սպասում են օգոստոսի 12-ին՝ արտակարգ դրության ժամկետի ավարտին, երբ արդեն պարզ կդառնա, թե իշխանությունները ինչ նորություններ կմտցնեն։
Դավուդյան-Զարնաին հայտնեց, որ իրենք ծրագրում էին թռիչքներ կազմակերպել ոչ միայն դեպի Իրան և Ռուսաստան, այլև ԱՄՆ և եվրոպական երկրներ, բայց կորոնավիրուսի պատճառով բանակցությունները դադարել են։ Այս պահին մոտակա թռիչքը ավիաընկերությունը նախատեսում է օգոստոսի 25-ին՝ Երևան-Թեհրան ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն, որը մի քանի անգամ երկարաձգվել է: Մարտից ի վեր դադարեցվել է միջազգային երթևեկությունը, գործում են միայն չարտերային թռիչքներ: