Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ

Նախնական վարկածով` անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Կուլիկամ գյուղում մի երիտասարդի են սպանել:
Sputnik

Ախալքալաքի փողոցներում այսօր կրակոցներ են հնչել ու անկարգություններ սկսվել: jnews կայքը հայտնում է, որ մոտավորապես 19:00-ին քաղաքի Խաս բախչա զբոսայգու մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ու ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր ու տուժածներ:

Ախալքալաքում կռվել են պատգամավորի եղբայրն ու նախկին պատգամավորի որդին

Կայքի փոխանցմամբ` մի խումբ երիտասարդներ կոտրել են զբոսայգու հարևանությամբ գտնվող հյուրանոցի պատուհաններն ու դռները: Քիչ անց հյուրանոցում հրդեհ է բռնկվել:

Անկարգությունները սկիզբ են առել Ախալքալաքի Մյասնիկյան փողոցից, որտեղ հավաքվածներն այրել են հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Վրացի պատգամավորները 2 հայի պատճառով իրար դեմ են դուրս եկել. փորձագետի կարծիքը

jnews կայքի լրագրող Քրիստինա Մարաբյանը Facebook-ի իր էջում Ախալքալաքի փողոցներում տեղի ունեցող իրադարձություններից տեսանյութ է հրապարակել, որտեղ փողոցում լսվող աղմուկի ու աղաղակների մեջ լսվում են նաև հայերեն արտահայտություններ:

Բայց թե ինչ կապ ունեն հայերն այս իրադարձությունների հետ, զոհերի ու տուժածների մեջ կան արդյոք հայազգի քաղաքացիներ, Վրաստանի իշխանություններն այս պահին չեն հայտնում:

Վերջին տվյալներով` Ախալքալաքում այսօրվա ընթացքում 4 տուն է հրդեհվել: Դրանցից վերջինը՝ Մայիսի 1-ի փողոցում: Իրավիճակը քաղաքում շարունակում է լարված մնալ:

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108–րդ (կանխամտածված սպանություն) և 236–րդ (ապօրինի հրազեն ձեռք բերելը, պահելը) հոդվածներով:

Ոչ մի վանդալիզմ էլ չի եղել. վիրահայոց թեմի հոգևորականը վստահեցնում է` ամեն ինչ կարգին է