ՀԾԿՀ նախկին անդամը կալանավորվել է. ե՞րբ կհրապարակվի Ռոբերտ Նազարյանի վերաբերյալ որոշումը

Հանձնաժողովի մյուս նախկին անդամների կալանավորման հարցով որոշումները դատարանը կկայացնի ավելի ուշ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՔԾ–ից։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի մյուս նախկին անդամներին, որոնք ձերբակալվել են նույն գործի շրջանակներում, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` քննչական մարմնի միջնորդության վերաբերյալ որոշումները դատարանը կկայացնի ավելի ուշ։

Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում։ Ըստ մեր աղբյուրների` դատարանի որոշումն ամենայն հավանականությամբ կհրապարակվի այսօր ուշ երեկոյան։

Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. գործում Սերժ Սարգսյանի փեսայի անունն է հոլովվում

Հիշեցնենք` հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանը ձերբակալվել էին օգոստոսի 6-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական դիրքի չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նույն քրեական գործի շրջանակներում ու նույն արարքի կասկածանքով ձերբակալվել էր նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 6-ին հայտնել էր, որ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին հանձնաժողովը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին արտոնություններ էր տրամադրել` ավելացնելով փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված առավելագույն հզորությունը։

Արդյունքում փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն հանձնաժողովը սահմանել է մինչև 30 ՄՎտ և իրականում խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 Մվտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն» ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում, և ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել։

Բացի այդ, Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների պատճառով «Ձորագետ Հիդրոյի» արտադրած էլեկտրաէներգիայի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվել են կրկնակի բարձր սակագներ, որոնց հետևանքով «Ձորագետ Հիդրոն» ՀՀ-ի սպառողներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։

Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ նախագահն է եղել 2003-2018 թվականներին։