ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դեռևս մշակման փուլում է:
«Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետին ներկայացվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 60 ճարտարապետներից կազմված ճարտարապետական 7 խումբ: Փոխհատուցման ծավալը 60 մլն դոլար, է իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը 300 մլն դոլար է գնահատվում։ Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:
Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը։ Նա նաև շեշտել է, որ նախապես մշակված չափորոշիչներն անհրաժեշտ է պահպանել մինչև նախագծի ավարտը: Պատասխանատուները կառավարության ղեկավարին վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը:
Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:
Գործադիրը Ֆիրդուսի թաղամասում կառուցապատումը թույլատրել է օրենքի խախտմամբ. Սարգսյան