Կասեցվել է Էրեբունու թաղապետարանի աշխատանքը

Կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. Այս անգամ պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են հայտնաբերվել Երևանի Էրեբունու թաղապետարանում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 24 ժամով կասեցրել է թաղապետարանի աշխատանքը։

Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ

«Այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել»,- նշված է ԱԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետության տարածքում։ Նշվում է, որ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։ Սահմանվել են կազմակերպություններում անվտանգության պահպանման խիստ կանոններ։ Ըստ այդմ` կազմակերպություններում աշխատակիցների միջև պետք է ապահովված լինի անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, բոլորը լինեն դիմակներով։ Կազմակերպությունները պետք է նաև սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովեն ձեռքերը հաճախ լվանալու համար։

Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ արտակարգ դրությունը օգոստոսի 12 -ից հետո կրկին երկարաձգվելու է ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 13-ը։