ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի անձնական կյանքում կարծես թե փոփոխություն կա, և նա նոր ընտրյալ ունի։ Համացանցում են հայտնվել Անիտա Այվազյանի և շախմատիստի սիրառատ լուսանկարները։ Զույգը չի թաքցնում հարաբերությունները, և Անիտան պարբերաբար լուսանկարներ ու սթորիներ է հրապարակում Instagram–ի իր էջում։
«Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ։ Ի՞նչ իմաստ ունի լաց լինելը։ Միայն այդ ժամանակ կհասկանաս` կյանքն արժանի է, որ իրեն ժպտան»,- գրել է նա։
Հետևորդներից մի քանիսը ուղիղ հարցրել են շախմատիստի հետ հարաբերությունների մասին, մյուսները հաճոյախոսություններ են գրել, բայց բոլոր մեկնաբանությունները մնացել են անպատասխան։ Ի դեպ, սա Արոնյանի ու Անիտայի միակ լուսանկարը չէ։ Նրանք նկարվել են նաև բնության գրկում, խոհանոցում:
Շախմատիստի հետ առաջին լուսանկարը Անիտայի էջում է հայտնվել հունիսի կեսերին։ Նա լուսանկարին կից գրել է` բնության մեջ կորել ենք։
Հուլիսի սկզբին Լևոնը 3 ամսվա դադարից հետո առաջին անգամ գրառում էր կատարել սոցցանցերում՝ հայտարարելով, որ վերադառնում է բնականոն կյանք։ Շախմատիստը հրապարակել էր մի շարք լուսանկարներ, որոնցում ինքն էր, իր պատրաստած ուտեստներն ու սիրելի շունը` Պոնչիկը։
Ի դեպ, հայ գրոսմայստերի շան լուսանկարները կարելի է գտնել նաև Անիտայի էջում, որը հետևորդների շրջանում ավելի շատ կասկածներ է ծնում։
Նշենք, որ շախմատիստի կյանքում ամիսներ առաջ դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Լևոն Արոնյանը շախմատիստ է, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող, ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: