Գագիկ Ծառուկյանը զանգել է կաթողիկոս Արամ Առաջինին

ԲՀԿ առաջնորդն ասել է, որ պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքներից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և հայտնել, որ այսօր ևեթ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութի պայթյունից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։ Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ծառուկյանը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայերի մահվան կապակցությամբ:

«Գագիկ Ծառուկյանը նշել է, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար: Նա ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար»,–Facebook–ի իր էջում գրել է Տոնոյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 6 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։ Վեցերորդի անունը դեռ հայտնի չէ։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: