Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Մարվան Աբուդը տեղի ունեցածը համեմատել է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների հետ` այն անվանելով ազգային աղետ։
Sputnik

Բեյրութի քաղաքապետ Մարվան Աբուդը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է հարցազրույցի ժամանակ, երբ հայտնել է տասնյակ հրշեջների մահվան մասին, որոնք փորձել են մարել հուժկու պայթյունից հետո առաջացած հրդեհը: Տեսանյութը տարածել է skynewsarabia հեռուստաալիքը։

Բեյրութի պայթյունի սարսափելի կադրերը

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայեր կան, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Աբուդը տեղի ունեցածը համեմատել է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների հետ։ Նրա խոսքով՝ կյանքում առաջին անգամ է այսպիսի ծավալի ավերածություններ տեսնում: Նախնական վնասը գնահատվում է 3-5 մլրդ դոլար, քանի որ վնասվել է Լիբանանի մայրաքաղաքի գրեթե կեսը:

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել: