Բեյրութի պայթյունից հետո հայտնի է 3 հայի մահվան մասին, բայց այս թիվը կարող է աճել. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը տարբեր սցենարներ է դիտարկում Լիբանանի եղբայրական ժողովրդին առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,– facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նշենք, որ պայթյունից հետո հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, իսկ զոհերի թվում է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Այսօր հայտնի դարձավ, որ պայթյունի հետևանքով նաև հայ բուժքույր է մահացել։ Երրորդ զոհի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։