Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է մահացել

Հայուհին սարսափելի պայթյունի ժամանակ եղել է իր աշխատավայրում։ Ըստ ԶԼՄ–ների` նա մնացել է փլված առաստաղի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի պայթյունի զոհերի մեկը Ջեսիկա Բեզջյանն է։ «Արևելքը», հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ նա պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

​Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, որտեղ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել:

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, Լիբանանի Հիվանդապահների միության անդամ:

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը, իսկ զոհերի թվում է լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:

Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել։