Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել

ՀՀ նախագահը վստահ է, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը Լիբանանի բարեկամ ժողովրդի հետ կկարողանան հաղթահարել նաև այս ծանր փորձությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ և աջակցելու պատրաստակամություն հայտնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում նաև մեր հայրենակիցներ կան, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին: Իր զորակցությունը հայտնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և, ի դեմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսյանը նաև աջակցելու պատրաստակամություն է հայտնել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Սարգսյանը նաև իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

Նախագահը վստահություն է հայտնել, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանան հաղթահարել նաև այս ծանր փորձությունը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 6 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին, Դելիա Փափազյանը և Վարուժան Թոսունյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: