Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել

Ամոնիումի նիտրատը գրգռում է լորձաթաղանթը, իսկ ջրի կամ սննդի հետ կուլ տալու դեպքում՝ ուժեղ սրտխառնոց և փորլուծություն է առաջացնում։ Սակայն այն քաղցքեղածին չի համարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութում պայթած ամոնիումի նիտրատը խիստ թունավոր նյութերի թվին չի դասվում, բայց կարող է գրգռել լորձաթաղանթը և աղեստամոքսային համակարգը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի աշխատակից Արամ Հայրապետյանը։

Պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի սարսափելի կադրերը դրոնից. տեսանյութ

Կոնկրետ այս դեպքում թունավորման մասշտաբների մասին դժվար է խոսել, քանի որ պայթյունից հետո օդում կամ ջրում նիտրատի պարունակության վերաբերյալ տվյալներ չկան։ Բայց ընդհանուր առմամբ ամոնիումի նիտրատը գրգռող հատկություն ունի, իսկ մահացու լինելու համար դրա չափաբաժինը պետք է բավականին բարձր լինի (մոտ 2500 մգ՝ մարմնի զանգվածի 1 կգ-ի համար)։ Դրա արտանետումից աչքերում և վերին շնչուղիներում կարող է կարմրություն և քոր առաջանալ։

Ներշնչման դեպքում հնարավոր է շնչուղիների գրգռվածություն, չոր, խեղդող հազ։ Օրգանիզմում հայտնվելու դեպքում (այդ թվում՝ ջրի և սննդի միջոցով), ամոնիումի նիտրատը կարող է առաջացնել արյունոտ լուծ և սրտխառնոց, իսկ մեծ չափաբաժինների դեպքում՝ սրտխառնոցը կարող է անկառավարելի լինել։

Հայրապետյանի խոսքով՝ ամոնիումի նիտրատը, ամենայն հավանականությամբ, երկարատև թունավոր ազդեցություն չունի, համենայնդեպս չի համարվում ուռուցքածին։

Բեյրութում հայ զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

«Կան որոշ աշխատություններ, որոնք կասկածի տակ են դնում այս պնդումը, բայց տվյալ պահին միջազգային կազմակերպություններն այն ուռուցքածին չեն համարում»,-հավելեց բժիշկը։

Օրգանիզմ ներթափանցած ամոնիումի նիտրատը կա՛մ չեզոքանում է լյարդում, կա՛մ դուրս է գալիս երիկամների միջոցով(եթե խոսքը վերոնշյալ մահաբեր խտությունների մասին չէ)։

Բեյրութի պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել Նիդեռլանդների դեսպանի կինը

Ինչ վերաբերում է էկոլոգիական վտանգին՝ այն օդում երկար չի մնում, քանի որ բավականին ծանր է։ Արագ իջնում է ներքև և ներծծվում հողի մեջ։ Թե այն ինչ ազդեցություն է ունենում հողի վրա, դեռևս հայտնի չէ, բայց ապացուցված է, որ ամոնիումի նիտրատը կարող է բարձրացնել հողի թթվայնությունը, ինչը ոչ միշտ է բարենպաստ գյուղատնտեսության համար։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում երեկ պայթել է 2705 տոննա ամոնիումի նիտրատ պարունակող բունկերը։ Լիբանանի Կարմիր Խաչի տվյալներով՝ զոհվել է մոտ 100 մարդ, շուրջ 4 հազարը վիրավոր են։ Տուժել են քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Զոհերի թվում նաև տեղացի հայեր կան։ Պայթյունի հարվածային ալիքը զգացվել է անգամ Կիպրոսի արևելյան ափին՝ Լիբանանի ափերից մոտ 200 կմ հեռու։

Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին