Պայթյուն ոստիկանության Բերդի բաժնի մոտ. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն քննություն է սկսել տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Պայթյուն Ուրցաձոր գյուղում․ նախնական տվյալներով` մի կին է մահացել

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի օղակ և դրա բաղկացուցիչ դետալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն։

Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Հիշեցնենք`2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել էր պայթյուն, որի հետևանքով վնասվել էին ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Արթուր Վանեցյանին հրավիրել են Քննչական կոմիտե