Մահացած զինծառայողների մահվան քրգործերը կուսումնասիրի աշխատանքային խումբը

Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի քրեական գործերը և խորհրդատվական եզրակացություն ներկայացնի վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն` կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ։

«Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ և հաստատել դրա աշխատակարգը: Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը: Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը»,– նշված է որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վարչապետի որոշման հավելվածում նշված է` որոնք են աշխատանքային խմբի խնդիրները։

Ըստ այդմ` խումբը պետք է վերհանի քննության ընթացքում քրեաիրավական և քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտումները, քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ենթադրյալ խախտումները, պատասխանատու անձանց թույլ տված ենթադրյալ խախտումներն ու չարաշահումներ։

Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի քրեական գործերը և վարչապետին ներկայացնի խորհրդատվական եզրակացություն։