Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ: