Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա

Զինված անձինք հարձակվել են վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, բայց այդպես էլ չեն կարողացել խանութից գողություն անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Դիմակավորված և զինված երկու անձ փորձել են թալանել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Մանկիկ» ոսկե զարդերի խանութը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, առավոտյան 09:00-ի սահմաններում։ Երկու հոգի մտել են խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ, նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով, պահանջել և վերցրել են խանութի չհրկիզվող պահարանի բանալիները: Սակայն նրանք ո՛չ բանալիներով, ոչ էլ դեպի չհրկիզվող պահարանն ուղղված կրակոցներով չեն կարողացել բացել այն և փախել են։

Ըստ ՔԿ տեղեկությունների՝ այնտեղ կային շուրջ 10 մլն դրամ արժողությամբ զարդեր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի զենք կրելը):

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Համաձայն shamshyan.com կայքի տեղեկությունների՝ խանութը պատկանում է ոստիկանության նախկին աշխատակից Գարեգին Հախինյանին։

Ձեռնարկվում են գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: