ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ում գրառում է արել, որում անդրադարձել է 6 տարի առաջ այս օրը Սինջարում տեղի ունեցած եզդի ժողովրդի ցեղասպանությանը:
Ի հեճուկս Թուրքիայի․ ինչո՞վ են ապրում Սինջարի եզդիները և ինչու սիրեցին հայերին
«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։ Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,- գրել է ԱԺ նախագահը:
2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զավթեց Իրաքի հյուսիսում գտնվող եզդիներով բնակեցված Սինջար քաղաքն ու սկսեց զանգվածաբար կոտորել տեղի բնակիչներին: Մի քանի հազար մարդ գազանաբար սպանվեցին, շուրջ 60 000-ը՝ ստիպված փախան ու թաքնվեցին սարերում:
2014թ–ի օգոստոսին եզդիների հոգևոր առաջնորդ, արքայազն Թահսին Սայիդը համաշխարհային հանրությանը հորդորեց այդ գործողություններին իրական իրավական գնահատական տալ: ՄԱԿ–ի անդամ երկրներից շատերը ճանաչեցին եզդիների ցեղասպանությունը։
2018թ–ի հունվարի 16–ին Հայաստանի խորհրդարանը ևս 2014թ. Իրաքի տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված գործողությունները ճանաչեց իբրև ցեղասպանություն:
Թուրքական ուժերը ավերում են եզդիական սրբավայրերը և ստիպում կրոնափոխ լինել. եզդի պատգամավոր