ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզդիների՝ Սինջարում կատարված ցեղասպանության վեցերորդ տարելիցին ուղերձ է հղել։
«Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ», - ասված է վարչապետի ուղերձում։
Նա բոլոր եզդիներին տոկունություն ու ոգու արիություն է մաղթել և հավելել, որ Հայաստանի Հանրապետությունում նրանք ունեն ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ։
2014-ի օգոստոսին իսլամիստները, որոնց աջակցում է Թուրքիան, Իրաքի Սինջար քաղաքում մոտ 500 եզդիների են սպանել, նաև ստրկացրել 300 կանանց։ Կան փաստեր, որ իսլամիստները ողջ-ողջ թաղել են եզդիների մի մասին, որոնց թվում երեխաներ ու կանայք են եղել։ Տասնյակ հազարավոր եզդիներ և այլ կրոնական ու ազգային փոքրամասնություններ փրկվելու համար փախել են Ջեբել-Սինջար լեռնազանգված, սակայն խմելու ջրի պակասի պատճառով սկսել են մահանալ։ Ի վերջո մոտ 20-30 հազար մարդ, հիմնականում` եզդիներ, կարողացել են Սինջարի լեռներից փախչել Սիրիա, իսկ այնտեղից վերադառնալ Իրաքի Քրդստան։
Նշենք, որ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգի), Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում, եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող կա։ Հայաստանում է գտնվում նաև աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը՝ «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակները», որն օծվել է 2019-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում։