ՌԱԴԻՈ

Շուկայում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու առումով լուրջ խնդիրներ կան․ ինչ պետք է անել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացում առկա խնդիրներին։
Sputnik
Շուկայում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու առումով լուրջ խնդիրներ կան․ ինչ պետք է անել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` շրջանառվող լուրերը, թե գյուղացին իր աճեցրած բերքի հասույթից 30 տոկոս եկամուտ է ստանում, հարաբերական են, քանի որ այդ տվյալը ֆիքսված չէ։ Ինչ վերաբերում է չվերամշակվող մթերքին, այսինքն՝ պատրաստի հումքի իրացմանը, ապա, ըստ Պիպոյանի` թեև մեծածախ շուկայում իրացվում է բնամթերքը, սակայն հիմնականում գյուղացին չի զբաղվում ամբողջական գործընթացով։

Կոմիտասի գյուղմթերքի տոնավաճառն այսուհետ կգործի «Հրազդանի» տարածքում

«Այստեղ ի հայտ են գալիս միջնորդները, որոնք մեծածախ շուկայում ապրանքը վաճառում են առանձին տաղավարներից կամ սեղաններից։ Ընդ որում` նրանք հաշվի են առնում, որ ամբողջ քանակի որոշ մասը չեն կարողանալու վաճառել, ուստի կատարում  են սորտավորում` առանձնացնելով բարձր, միջին և ցածր դասի ապրանքը, և այդ դեպքում գներն էլ բնականաբար տարբեր են։ Այս ամենով հանդերձ մենք շուկայում իսկապես ունենք գյուղմթերքի իրացումը կազմակերպելու հետ կապված լուրջ խնդիրներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանը հիշեցրեց, որ 2013 թվականից ի վեր խոսում են իրատեսական գների սահմանման, գների կարգավորման մեխանիզմների կիրառման մասին, սակայն դա որպես համակարգ չի ներդրվում շուկաներում, ինչի պատճառով էլ առաջանում են կազմակերպչական բնույթի խնդիրներ։ Անդրադառնալով Երևանի Կասյան փողոցի գյուղմթերքի տոնավաճառը փակելու հարցին` Պիպոյանն ընդգծեց, որ այն պետք է մտահոգի գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողներին։

Վնասատուներ, եղանակ, թե գյուղացու սխալ մոտեցում. ինչու է ծիրանի բերքը քիչ ու անորակ

«Բայց եթե մի կողմ թողնենք այն զգացումը, որ սպառողները մթերքը գնում էին առաջին ձեռքից՝ հենց գյուղացուց, ապա զուտ գնային առումով այնպես չէ, որ այդ շուկան էականորեն տարբերվում էր մյուսներից։ Այդուհանդերձ քաղաքականություն մշակող և վարող Էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից Կասյանի շուկան շատ խնդրահարույց էր, որովհետև այն գյուղացին, որն օբյեկտիվորեն ասում էր, թե իրեն ձեռնտու չէ ապրանքը տալ միջնորդին կամ վերավաճառողին, որպեսզի մարդիկ հետո այդ ապրանքը գնեն երկրորդ կամ երրորդ ձեռքից, իր ժամանակի մի մասն էլ հատկացնում էր իրացումը կազմակերպելուն և ինքնուրույն սահմանում գներ, հետևաբար այդ գյուղացին ընկալվում էր որպես ռեալ խոչընդոտ»,– նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Էկոնոմիկայի նախարարությունը ձախողե՞լ է. ինչու է գյուղմթերքը թանկացել

Պիպոյանը վկայակոչում է արտասահմանյան երկրների պրակտիկան, որտեղ քաղաքակիրթ մակարդակով կազմակերպվում է ամբողջական գործընթացը, և յուրաքանչյուր օղակ զբաղվում է իր գործով` գյուղացին աճեցնում է բերքը, տեղափոխողն ու իրացնողն էլ իրենց աշխատանքն են կատարում, հետևաբար մեզ մոտ էլ պետք է գործի նույն սխեման, ամեն ոք պետք է շահագրգռված լինի կատարել միայն իր գործը։ Ըստ այդմ` եթե գյուղացին ինքն է ցանկանում զբաղվել մթերքի իրացմամբ, նշանակում է՝ այդ գործընթացի կազմակերպումը վատ վիճակում է։ Պիպոյանի համոզմամբ` գյուղացիներին խնդիրը հանգամանորեն բացատրելու համար նախ պետք է հանգամանորեն հասկանալ այն։

Հայաստանի արևահամ այցեքարտը. ծիրանի բերքահավաքը` լուսանկարներով

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի  համաձայն` գյուղացին իր աճեցրած բերքի հասույթից լավագույն դեպքում ստանում է 30 տոկոս եկամուտ, մյուս մասը բաժին է ընկնում միջնորդներին ու վերավաճառողներին, այսինքն` գործը լավ չի կազմակերպվում, մրցակցային իրացում բացարձակապես չկա։