ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 5–ը մահացել են, որոնցից ամենաերիտասարդը 61 տարեկան տղամարդ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 050 դեպք, որոնցից 29 750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165 701 թեստավորում:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ աշխատակիցներից մեկը
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։