«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելուն. Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։