ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 11–ը մահացել են, որոնցից ամենաերիտասարդը 41 տարեկան տղամարդ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։