Դատական համակարգն առաջադրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին. հերթը ՀՀ նախագահինն է

Երեկ կեսգիշերին մոտ ավարտված դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հուլիսի 31–ին մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից։

«Ապահովելու եմ ՍԴ դատավորի անկախությունը». ո՞վ է կառավարության թեկնածուն

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրված Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը փակ գաղտնի քվեարկության արդյունքում ավելի քիչ ձայներ է հավաքել։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։
Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։

Երվանդ Խունդկարյանը ծնվել է Երևանում 1972թ.–ին։ 1993-1994 թթ.-ին եղել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղարը, 1998-1999 թթ–ին` ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատուն, ապա` ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը: Խունդկարյանը տարբեր տարիների եղել է ՀՀ տնտեսական դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, 2010–ից նա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է։

Հիշեցնենք` Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։
Երեք թափուր տեղերի համար թեկնածուներ պետք է առաջադրեն ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։