Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը

Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել հրաձգային զինատեսակներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։ Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ստեփանյանն այսօր հայտնել էր նաև, որ ՀՀ ԶՈւ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։

Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։