ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը` Facebook–ի իր էջում հրապարակելով տեսանյութ։
Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել է նոր մարտական հենակետ:
Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ։
Հիշեցնենք` աշխատանքային այցով Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված խնդիրներին:
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի`«քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:
Նշենք նաև, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանայի զորավարժություններ այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։