55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով

ՔԿ նախագահը նշում է, որ այդօրինակ արարքները որպես կանոն դառնում են միջազգային քրեական արդարադատության մարմինների քննության առարկա` միջազգային պրակտիկայում մշակված չափորոշիչների հիման վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ կատարված զինված ագրեսիայի փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 37 քրեական գործ։

Ամփոփելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանը հասցված վնասը` ՀՀ քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ Ադրբեջանի հրետակոծությունների արդյունքում վնասվել է 55 բնակելի տուն։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

Հատկանշական է, որ հարուցված քրեական գործերի հիմքում Ադրբեջանի կողմից մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստեր կան։

Այս խնդրի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրատարակել է երկու գիտական հոդված՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով` դրանցում մանրամասն ներկայացնելով առկա փաստերն ու միջազգային իրավունքի նորմերը։

ՔԿ նախագահն իր հոդվածներում նշում է, որ այդօրինակ արարքները որպես կանոն, դառնում են միջազգային քրեական արդարադատության մարմինների քննության առարկա` միջազգային պրակտիկայում մշակված չափորոշիչների հիման վրա:

Տավուշի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով Ադրբեջանի զինված ուժերի արարքները դիտարկվում և վերլուծության են ենթարկվում միջազգային տարբեր քրեական դատարանների կողմից նախկինում կայացված դատավճիռների համատեքստում, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, Ռուանդայի միջազգային տրիբունալը, Սիերա-Լեոնեի հարցով հատուկ դատարանը և այլն:

Տավուշում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Վերլուծվում է ագրեսիայի հանցագործության միջազգային քրեականացման գործընթացը, համադրվում են ագրեսիայի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից կատարված քրեորեն պատժելի արարքի հասկացությունները՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի մասնակից-պետությունների Վեհաժողովի կողմից 2010թ.-ին կատարված փոփոխությունների, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածով նախատեսված «Ագրեսիվ պատերազմ» հանցակազմի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել