Որտե՞ղ են հայերն անցկացնում հանգստյան օրերը

Համավարակի և փակ սահմանների ժամանակաշրջանում մեր քաղաքացիները ստիպված են հանգիստն անցկացնել Հայաստանի տարածքում։ Sputnik Արմենիան պարզել է` զբոսաշրջային որ ուղղություններ են նախընտրում նրանք:
Sputnik

Տարածված կարծիք կա, որ ամռանը Հայաստանում ամենապահանջված հանգստի վայրը Սևանն է, որին հաջորդում են Ծաղկաձորը, Դիլիջանը, Աղվերանն ու Ջերմուկը: Համենայնդեպս զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ մինչև նախորդ ամառ հենց այդ ուղղություններն էին մեծ պահանջարկ վայելում:

Սակայն համավարակն իր շտկումներն է արել մարդկանց նախապատվության հարցում: Սա վերաբերում է հատկապես երիտասարդներին: Սոցցանցերի մասնագիտական խմբերում անցկացրած մեր հարցումը ցույց տվեց, որ քաղաքացիները սկսել են նախապատվություն տալ ոչ թե լողափնյա պասիվ հանգստին, այլ լեռնային արշավներին ու հեծանվային տուրերին։

Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ավելի վաղ Sputnik Արմենիային ասել էր, որ զբոսաշրջային ընկերություններն էապես ընդլայնել են իրենց առաջարկած ուղղությունները, և հայաստանցիները սկսել են արդեն իսկ գործող ուղղությունների հետաքրքիր այլընտրանք գտնել:

Եվ այսպես` Էդուարդ Մխիթարյանը գրեթե բոլոր հանգստյան օրերին նոր ճանապարհորդության է մեկնում: Նա երկու նախասիրություն ունի` ճանապարհը դժվարամատչելի լինի (ցանկալի է այնտեղ հասնել ամենագնացներով), և վայրը շատ գովազդված չլինի:

Sputnik Արմենիային նա պատմեց, որ նախանցած շաբաթ ընկերների հետ եղել է Վայոց Ձորի մարզում, այցելել է Սմբատաբերդ ամրոց ու միջնադարյան Ցախաց քար վանք: Նախորդ հանգստյան օրերին մեկնել է Արագածոտնի մարզ. Ապարանի ջրամբարի ափին կարելի է ձուկ որսալ, լողալ և պիկնիկ կազմակերպել: Հաջորդ շաբաթ-կիրակի Էդուարդը ծրագրում է այցելել Գեղարոտի ջրվեժ, որը գտնվում է Արագածի լանջին:

«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում

«Նախընտրում եմ հանգստի էժան տարբերակները՝ երկու օրվա համար 15-20 հազար դրամ` մեկ անձի հաշվարկով: Գիշերում ենք հյուրատներում կամ ճանապարհամերձ հյուրանոցներում, սնվում մեզ հետ բերած մթերքով կամ խորոված ենք անում, եթե տեղը հարմար է», - ասաց նա:

Լարիսա Զամկոչյանն էլ պատմեց, որ հանգստյան օրերին ընկերների հետ կմեկնի Շիրակի մարզ` հեծանվատուրի: Նրանք մտադիր են այցելել Ջաջուռ գյուղ, որտեղ գտնվում է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը, և մաքուր ու համեղ մեղր համտեսել Սարիար գյուղում:

Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին

«Գիշերը կմնանք վրաններում: Միասին խորոված կուտենք և գարեջուր կխմենք: Բնականաբար, ավանդական խարույկ ու երգեր կլինեն: Նախնական հաշվարկով` մեկ անձի ծախսերը 10 հազար դրամից չեն անցնի», - նշեց նա:

Իսկ Էդուարդ Մելքումյանը երկու շաբաթը մեկ արշավներ է կազմակերպում ընկերների հետ: Անցած շաբաթ նրանք հաղթահարել են Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռը, այս շաբաթ հեծանիվներով ուղևորվելու են Սյունիքի մարզ:

«Կայցելենք Փուխրուտ գյուղ, որը գտնվում է 2300 մետր բարձրության վրա: Այնտեղ ընդամենը 4 ընտանիք է ապրում: Գյուղը շրջապատված է լեռներով, որտեղ շատ արջեր կան: Այ դա իսկական էքստրիմ կլինի, քանի որ քնելու ենք վրաններում և քնապարկերում, սնվելու ենք գյուղացիների մոտ», - ասաց նա:

Արփի Հովհաննիսյանն էլ որոշել է հանգիստն անցկացնել և՛ լճում, և՛ լեռներում: Անցած շաբաթ եղել է Սևանա լճում, որտեղ առագաստային սպորտով է զբաղվել, իսկ այս շաբաթ կգնա Խուստուփ լեռ և գիշերակացը կանցկացնի վրանում:

Մեր բոլոր զրուցակիցները նշեցին, որ նախկինում պասիվ հանգստի կողմնակից են եղել, սակայն կարանտինից ու սահմանափակումներից հետո նախընտրում են ակտիվ հանգիստը:

Բացի այդ, արշավներն ու հեծանվային տուրերը ոչ միայն ավելի մատչելի են, քան հյուրանոցներն ու հյուրատները, որտեղ, ի դեպ, այսօր շատ դժվար է ազատ տեղ գտնել, այլև ավելի օգտակար: Եթե նույն Սևանում հանգիստը կարող է արժենալ օրական 20-100 հազար դրամ, ապա լեռնային արշավը`10-30 հազար դրամ: