ՌԱԴԻՈ

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական վերջին զորավարժություններին և այդ ֆոնին Ռուսաստանի պահվածքին։
Sputnik
Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ`Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունն ունի ռիսկային, նույնիսկ արկածախնդրային բնույթ, ինչը բնորոշ է նաև նրա կերպարին։ Ըստ այդմ` Էրդողանը փորձում է արկածախնդրության վրա հիմնված արտաքին քաղաքականությունը հիմնավորել նաև այն հանգամանքով, որ Թուրքիան և Ռուսաստանը որոշակի ընդհանուր շահեր ունեն Սիրիայում, ինչպես նաև ռազմական տեխնիկայի գնումների բնագավառում և տնտեսական բնույթի որոշ հարցերում։

Տավուշյան էսկալացիայից հետո. ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան հիմա զորավարժություններ սկսում

«Էրդողանի հաշվարկն այն է, որ Թուրքիան կարող է ցույց տալ իր ուժը Հարավային Կովկասում և չսպասել Ռուսաստանի կողմից հզոր հակահարվածի։ Զորավարժությունն, ըստ էության, ուժի ցուցադրում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին, նույնիսկ գերտերություններին` ակնարկելով, որ կարող են այսպես Ռուսաստանի քթի տակ անցկացնել նման մեծածավալ զորավարժություններ ու հանդես գալ իրենց դաշնակից Ադրբեջանին աջակցելու հայտարարությամբ»,– նշում է ակադեմիկոսը։ 

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` սա վտանգավոր խաղ է, բայց Էրդողանին մինչ օրս հաջողվել է արկածախնդրություններից չոր դուրս գալ, սակայն Տավուշում թուրք–ադրբեջանական ագրեսիային Ռուսաստանը տվեց կտրուկ պատասխան, ինչին հետևեցին ռուսական զորավարժությունները Հարավային օկրուգում, Սև և Կասպից ծովերում, իսկ Հայաստանում զորավարժություններն անցկացվեցին հայկական զինուժի հետ համատեղ։ Նույնիսկ եղավ տեղեկատվություն, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն ամբողջությամբ փակել է Հայաստանի երկինքը։ 

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ` երբեմն Ռուսաստանի փափուկ արտահայտությունները չեն համապատասխանում իր կտրուկ գործողություններին, իսկ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունն իր հերթին չի համապատասխանում իր քայլերին։ Զորավարժությունները վերջին հաշվով նորություն չեն, միշտ էլ` գրեթե ամեն տարի անցկացվել են, պարզապես վերջին զորավարժություններն անցկացվում են կոշտ և ագրեսիվ հայտարարությունների ներքո, և այդ զորավարժություններին մասնակցում են ավելի շատ թվով զինվորականներ։   

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն`  թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը կանցկացվեն համատեղ պլանայի զորավարժություններ։