Կադրային ջա՞րդ, թե՞ օպտիմալացում. ինչ է կատարվում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են մի շարք վարչությունների ու բաժնի պետեր։ Օպտիմալացվում են հիմնականում ռեգիոնալ համագործակցության ու կոնկրետ երկրների հետ կապերի ստորաբաժանումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Սփյուռքի հետ կապերի գլխավոր պետական կառույցում` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, հերթական փոփոխություններ են իրականացվում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են մի շարք վարչությունների ու բաժնի պետեր։ Ընդհանուր առմամբ 13 աշխատակից։ Եվս 4 այլ աշխատակիցներ` 1 վարչության ու 3 բաժնի պետեր, վարչապետի որոշումներով տեղափոխվել են այլ վարչություններ ու բաժիններ։

Թե ինչ վերադասավորումներ են իրականացվում այդ կառույցում, ու որն է վարչապետի հրամանների պատճառը, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում չեն մեկնաբանում։

Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, այս կառույցից միայն ասացին, որ տեղի ունեցածը «ոչ թե կադրային ջարդի, այլ կառուցվածքային փոփոխությունների հետևանք է»։

Թե ինչ փոփոխություններ են դրանք, ու շարքային աշխատակիցներից քանիսն են աշխատանքից ազատվել դրանց հետևանքով, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում նույնպես չեն մանրամասնում։

Փոխարենը հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցող կադրային փոփոխությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Սերժ Սրապիոնյանը։

Նա հայտնեց, որ վարչապետի հրամանով աշխատանքից բոլոր ազատվածները նախարարության նախկին աշխատակիցներ են, որոնց ինքն անձամբ ճանաչում է։ Իսկ կրճատումները, նրա խոսքով, հանձնակատարի գրասենյակի մի շարք վարչությունների ու բաժինների վերացման հետևանք են։ 

«Տեղի է ունեցել աշխատանքային տեղերի վերացում։ Այդ տեղում աշխատողներն էլ մեխանիկորեն պիտի հեռացվեին։ Սա պարզապես արտաքին շղարշն է, իրականում հենց կադրային ջարդ կազմակերպեցին, որը դե յուրե ապացուցելի չէ, բայց դե ֆակտո տեսանելի է։ Այդ տեղերում աշխատում էին բոլոր նրանք, ովքեր աշխատել էին նախկին իշխանությունների օրոք»,– մեր հարցին ի պատասխան ասաց Սրապիոնյանը։

Կրճատված վարչությունները, նախկին փոխնախարարի դիտարկմամբ, հիմնականում ռեգիոնալ կառույցներ են, որոնց առաքելությունը տվյալ տարածաշրջանում հայկական Սփյուռքի հետ կապերի ստեղծումն էր, հայ համայնքի հեղինակություն վայելող անդամների հետ հարաբերությունների հաստատումը։

Օպտիմալացման արդյունքում, Սերժ Սրապիոնյանի տեղեկություններով, ներկայիս ռեգիոնալ կապերի վարչությունների փոխարեն նախատեսվում է ստեղծել 3 այլ վարչություն։

Զարեհ Սինանյանը գիտի` ինչ է պետք անել, որ սփյուռքահայերը գան Հայաստան ու էլ չգնան

«Մեկը պետք է զբաղվի Սփյուռքի հետ հարաբերությունների ռազմավարության մշակմամբ, այն դեպքում, երբ այդ ռազմավարությունը վաղուց արդեն մշակված ավարտված էր, մյուսը ֆինանսական վարչությունն է և մեկ այլ վարչություն, որ նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչով է զբաղվելու։ Եվ դա իրենք համարում են օպտիմալացում»,– ասաց Սրապիոնյանը։

Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, Սերժ Սրապիոնյանը հիշեցնում է, որ երբ 2019թ.–ին սփյուռքի նախարարությունը փակվեց, այդ որոշումը ևս ներկայացվեց իբրև օպտիմալացում, բայց նախարարությանը փոխարինած գրասենյակի բյուջեն ոչ միայն չպակասեց, այլ նույնիսկ ավելացավ։

«Սփյուռքի նախարարության տարեկան բյուջեն` 85-90 աշխատակիցների աշխատավարձով, սպասարկումով, պահպանման ու կոմունալ ծախսերով կազմում էր 650 մլն դրամ։ Ներկայում 3 անգամ ավելացվել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի բյուջեն, և որևէ միջոցառում` համասփյուռքյան կամ Հայաստան–Սփյուռքի հետ կապված, անգամ մշակութային միջոցառում, չի իրականացվում»,– ասաց նախկին փոխնախարարը` հայտարարելով, որ նախորդ երկու տարիներին Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ամբողջ բյուջեն «մսխվել է ամենաանարդյունավետ կերպով»։

Փաշինյանը սփյուռքի մասնագետներին հրավիրում է մասնակցել հայրենիքի կառավարման գործին

Նրա դիտարկմամբ այդ գումարները ծախսվել են բացառապես աշխատավարձերի, գործուղումների ու պարգևավճարների վրա։

Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված արդեն նախկին պաշտոնյաներին, նրանցից Սերժ Սրապիոնյանն առանձնացրեց մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Տարոն Շագոյանին`վիրահայ համայնքի հետ աշխատանքների և Մերձավոր ու Միջին Արևելքի հայ համայնքների վարչության նախկին պետ Լևոն Անտոնյանին`Սիրիայի հայ համայնքի հետ տրած աշխատանքների հարցով։

«Նա այն տղան է, որ, երբ Սիրիայում պատերազմ էր և շատերը խուսափում էին Սիրիա մեկնել, սկսեց ուղեկցել օգնության ինքնաթիռները Սիրիա և Լաթաքիայում միացավ ռուսներին ու հետևեց, որպեսզի բաշխումը ճիշտ և արդարացի կատարվի, իսկ այնտեղից վերադարձավ շնորհակալագրով։ Անգիր գիտեր Մերձավոր ու Միջին Արևելքը` պատմությունը, նշանավոր դեմքերին, տեղի ներքին հակասությունները, ուղն ու ծուծով գիտեր և աշխատում էր գրեթե բոլոր կառույցների հետ։ Բա կարելի էր այսպիսի մասնագետին` կայացած, էնտուզիազմով լի, կրճատման տակ դնել և ազատել»,– պատմեց Սրապիոնյանը։

Ամփոփելով խնդրի մասին իր դիրքորոշումը` նախկին փոխնախարարը հայտնեց, որ այն պահից, երբ ՀՀ նոր իշխանությունը որոշեց Սփյուռքի նախարարությունը փոխարինել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակով, իր համար արդեն պարզ էր, որ այդ կառույցը «դանդաղ, բայց հաստատուն քայլերով սպանում են»։

«Սա ինձ առիթ է տալիս եզրակացնելու, որ այսօրվա իշխանությունները Սփյուռքի հետ կապերն առանձնապես չեն կարևորում, և մենք այս իշխանությունների «բարի կամքի» շնորհիվ արդեն գրեթե կորցրել ենք Հայաստան–Սփյուռք կապը»,– եզրափակեց նախկին փոխնախարարը։

Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի հուլիսի 28-ի որոշումներով աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Վարդանյանը,  Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը։

Աշխատանքից ազատվել են նաև Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Սահակյանը, համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սիրվարդ Համբարյանը, հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը, ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանը։