Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը

Հայ-ադրբեջանական սահմանային հուլիսյան բախումները կրկին արդիական են դարձրել իսրայելական զենքը Բաքու մատակարարելու խնդիրը։ Հայաստանում այդ համագործակցությունը ծայրահեղ բացասական են ընկալում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի իսրայելական The Jerusalem Post պարբերականին  վերջերս տված  հարցազրույցը բավականին կոշտ շեշտադրումներ ուներ։ Զոհրաբ Մնացականյանն ուղիղ հասկացրեց, թե որքան կործանարար է Թել Ավիվի քաղաքականությունը, որը կարելի է հանցագործություն որակել։ Նախարարը նշեց, որ Ադրբեջանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր մատակարարելիս Իսրայելը պետք է հասկանա, որ հենց այդ համակարգերից են նրանք գնդակոծում հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հատկանշական է, որ Իսրայելն ինքը, հակամարտությունների մեջ լինելով մի շարք հարևանների հետ, շատ ցավագին է ընդունում զենքերի մատակարարում իր թշնամիներին։ Իսրայելական կործանիչները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի և Լիբիայի տարածքում գտնվող զինապահեստներին։

Բայց վերադառնանք Ադրբեջանին։ Հումանիտարից զատ Իսրայելին, ըստ էության, պետք է մտահոգեն նաև ադրբեջանական բանակի զգալի կորուստները։ Հայաստանի հետ բախումների հաշված օրերի ընթացքում Ադրբեջանը կորցրեց իսրայելական արտադրության կամ մշակման ԱԹՍ-ներ, ընդ որում՝ դրանցից մի քանիսը ոչ թե խոցվել են, այլ «գերվել»՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի օգնությամբ։

Ասել, թե դա հսկայական վնաս է հասցնում իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի իմիջին, նշանակում է ոչինչ չասել։ Թվում է՝ այս ամենը պետք է որ ստիպեր հրեական պետությանը վերանայել Բաքվի հետ իր քաղաքականությունը։ Հակամարտության սրման օրերին նույն այդ The Jerusalem Post-ի էջերում նմանատիպ կոչ պարունակող հոդված էր հայտնվել։

Գործնականում, սակայն, ամեն ինչ այդքան հուսադրող չէ, որքան կցանկանայինք։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Իսրայելը Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կուրսի կտրուկ վերանայման չի գնա։

Որպեսզի Բաքվում չկասկածեն. հայ զինծառայողները լուսանկարվել են ադրբեջանական ԱԹՍ-ի հետ

Նախևառաջ, վերանայելով մարտերի ընթացքում «դրոնաթափի» խնդիրը` Իսրայելը, ամենայն հավանականությամբ, ավելի ինտենսիվ կդարձնի այդ դրոնները կառավարող ադրբեջանցի օպերատորների նախապատրաստման դասընթացները, քան թե կհրաժարվի Բաքվի նման հաստատուն և վճարունակ հաճախորդից։

«Ինձ թվում է՝ Տավուշի իրադարձությունները միայն կբարձրացնեն իսրայելցի մասնագետների և ադրբեջանցի զինվորականների միջև համագործակցության մակարդակը՝ Հայաստանի հետ հետագա բախումներում կորուստների թիվը նվազեցնելու համար։ Իսրայելցիներն ավելի հակված են մտածել, որ խոցված և բռնված դրոնների այդպիսի քանակության պատճառը ոչ թե դրանց անկատարությունն է, այլ սպասարկող անձնակազմի ոչ բավարար որակավորումը»,-նշեց Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր. ՀՀ–ում պլանային վարժանքներ են մեկնարկել

Ինչ վերաբերում է մարդասիրական և բարոյական բաղկացուցչին, ապա, նրա խոսքով, այստեղ խոսքը կրկին realpolitik սկզբունքների մասին է։ Նման պայմաններում ոչ մի զգացմունքայնություն չի կարող գերակշռել քաղաքական էլիտաների ցինիզմին ու հաշվենկատությանը։ Հենց այս տրամաբանության մեջ է փորձագետը տեսնում նաև պատճառը, համաձայն որի Իսրայելը համառորեն հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը։

Անկասկած, Իսրայելում կան քաղաքական ուժեր, որոնց լոբբին Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն է, բայց կան և կուսակցություններ, որոնք Հայաստանի հետ երկխոսության բարելավման կողմնակից են։ Բայց վերջինները ծանրակշիռ քաղաքական ազդեցություն չունեն։ Այդ պատճառով էլ ներկայիս «ստատուս քվոն» շարունակելու է պահպանվել։

«Հարկ է ևս մի կարևոր բան հաշվի առնել․հիմա Իսրայելն ինքը խորը քաղաքական ճգնաժամի մեջ է։ Մինչև օրս այնտեղ չեն կարողանում ընդունել 2020թ․-ի բյուջեն, ինչի պատճառով մեծ դժվարությամբ ձևավորված իշխող կոալիցիան կարող է փլվել»,-ասում է փորձագետը։

Մելքոնյանը վստահ է, որ այս ներքաղաքական խնդիրների ֆոնին դժվար թե արժե ակնկալել արտաքին քաղաքականության ուղղվածության ռադիկալ փոփոխություններ։

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը